Ո՞վ է արգելել.

ՀՀ 7-րդ Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանն ու Թագուհի Թովմասյանը լրագրողներին ասել են, որ ԱԺ-ն այդպես էլ չքննարկեց Արցախի կարգավիճակի ու դեօկուպացիայի վերաբերյալ իրենց հայտարարության նախագիծը։

Թագուհի Թովմասյանն ասել է, որ այս փաստաթուղթն այնքանով է կարևոր, որ ՀՀ-ն պետք է ունենա իր համար նշված կետեր, թե ինչ է ուզում, Արցախի հիմնահարցի լուծում ասելով՝ ինչ է պատկերացնում։ Սոֆյա Հովսեփյանն, իր հերթին, ասել է, որ «իշխանությունների համար Արցախի դուռը փակվել է նոյեմբերի 9-ով, թերևս ավելի վաղ էր փակվել, նոյեմբերի 9-ը վերջակետն էր։ Եվ իրենց դիրքորոշումը վերահաստատեց մի ամբողջ ֆրակցիա, որը նույկերպ պետք է անցնի 8-րդ գումարման ԱԺ»:

Իսկապես, 8-րդ ԱԺ անցնում է նույն խմբակցությունը, որը նոյեմբերի 9-ից հետո հրաժարվեց քննարկել պատերազմի գնահատականի, Արցախի կարգավիճակի եւ այլ հարցեր: 8-րդ ԱԺ-ում մեծությամբ երկրորդը լինելու է Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան, որի ելույթներում ու հարցազրույցներում նույնպես գրեթե բացակայում են ինքնիշխանություն, Արցախի կարգավիճակ, դեօկուպացիա եւ նման այլ եզրերը, փոխարենը՝ ինչ որ տարտամ հիշատակումներ «ԼՂԻՄ»-ի մասին:

Արժե նշել, որ ԱԺ հայտարարության նախագծի նախաձեռնողներից էր նաեւ մեկ այլ պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը, որը ներկայում Քոչարյանի ֆրակցիայում է եւ Սոֆյայի ու Թագուհու հետ չէր ներկայացել ասուլիսին: Դա շատ բանի մասին է խոսում:

1994-ից հետո ՀՀ իրար հաջորդող վարչակարգերը Արցախի հարցում մակաբուծում էին ժամանակի կոնյուկտուրայի վրա, այդպես էլ չներկայացնելով ազգային հայեցակարգ թե այդ, թե հայկական պետականության զարգացման հարցերում: Ավելորդ է խոսել նույնիսկ ազգային որեւէ ռազմավարության մասին: Փոխարենը հանրությանը շանտաժի էին ենթարկում այն անհեթեթ թեզով, թե Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի: Եւ թեեւ 2016-ի ապրիլին ու 2020-ի սեպտեմբերին այս թեզը հօդս ցնդեց, ներկայիս վարչակարգը շարունակում է նույն պահվածքը: Անհեթեթություն են նաեւ մնացած «հիմնավորումները», որոնք հերքվեցին թե պատերազմով, թե հետպատերազմյա զարգացումներով:

Հասկանալի է, որ գործ ունենք արտաքին արգելքի հետ, իսկ ՀՀ իրար հաջորդող վարչակարգերը չեն ցուցաբերել ինքնուրույն մոտեցումներ ու քաղաքականություն: Եվ եթե նախորդներին «փրկում» էր ժամանակի քաղաքական կոնյունկտուրան, ներկայիս վարչակարգի պարագային իրավիճակը լիովին պարզ է:

Այն ավելի է պարզվում Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի խորհրդարաններում Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ նախագծերի առկայությամբ (Ֆրանսիայում արդեն ընդունված), ինչպես նաեւ ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչի՝ հայերին ուղղված նախատինքով, թե Հայաստանն էլ չի ճանաչել Արցախը: Այս վերջինի պարագայում իհարկե գործ ունենք երեսպաշտության հետ, սակայն տվյալ պարագայում պետք է արձանագրել փաստը եւ հարց տալ ներկայիս վարչակարգին՝ ի՞նչ եղավ ինքնիշխան կառավարությունը, արդյոք որեւէ մեկն արգելում է պետական բարձրագույն մարմնում՝ խորհրդարանում այդ հարցի քննարկումը: Հարցերի շարանն այստեղից կարելի է անվերջ շարունակել՝ ո՞վ է արգելում դիմել ՄԱԿ ԱԽ, բարձրացնել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հարցը, որակյալ զենքի համար դիմել արեւմտյան գործընկերներին, եւ այլն:

Իշխող ֆրակցիայից Ռուբեն Ռուբինյանը երեկ խրոխտ հայտարարեց, թե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվի, եթե Արցախը չճանաչվի: Դա ավելի շատ պատասխան էր անկախ պատգամավորների ասուլիսին, որովհետեւ տվյալ պարագայում Ռուբինյանի հայտարարությունն արժեք չունի՝ հարցը պետք է քննարկվեր խորհրդարանում: Ի՞նչ պետք է սպասել արտաքին գործընկերներից, եթե ինքդ որպես պետություն քաղաքական սուբյեկտության նշաններ չես ցուցաբերում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև