Խեղճուկրակը չէր կարող Սևանի ափին տարածք զավթել․ նախարար

Lragir.am-ի զրուցակիցն է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան դուք նշել էիք, որ շարունակվում է Սևանը կապանքներից ազատելու գործընթացը: Հնարավո՞ր է, որ երբ հասնեն նախկին պաշտոնյաների տներին, այդ գործընթացին դադար տրվի, ինչպես դա եղավ Երևանում կրպակների, սրճարանների ապամոնտաժման դեպքում, թե՞ օրենքը կգործի բոլորի համար:

Օրենքը, բնականաբար, պետք է գերակայի և հավասարապես գործի բոլորի համար, բայց մի կարևոր դիտարկում եմ ուզում անել, որ Սևանի ափին ապօրինի զավթած շենք-շինությունների, հսկայական մի քանի հազար հեկտարները պարիսպով ցանկապատածների, ապօրինի տնտեսվարողների մեջ չկան հասարակ, չարքաշ մարդիկ: Այսպես թե այնպես, նա, ում թուրը կտրել է Սևանա լճի ափամերձ այդ հատվածներում, ոսկե ֆոնդի հողատարածքներում սեփական կտորը պետությունից պոկել, բնականաբար, ժամանակին ունեցել է հովանավորչություն, ունեցել է ազդեցություն և որոշակի քաղաքական կամ կլանային շրջանակներ է ներկայացրել: Այսինքն, եթե թեկուզ մեկ տաղավար է ապամոնտաժվում, դուք մի կարծեք, թե մի խեղճուկրակինը ապամոնտաժեցինք, մեծահարուստինը չենք կարող: Խեղճուկրակը չէր կարող Սևանի ափին տարածք զավթել, որովհետև հազար վերահսկողական ինստիտուտներ կան էս երկրում: Ոստիկանությունը, քննչականը, դատախազությունը, ՏԻՄ-ը, քաղաքաշինության տեսչությունը և մնացած վերահսկողական մանդատ ունեցող ինստիտուտները չէին կարող չնկատել այդ զավթումները: Ասածս այն է, որ արդեն այսօրվա դրությամբ մոտ 3 տասնյակ ապամոնտաժված տաղավարներ, ցանկապատներ և ապօրինի կցակառույցներ ու սպասարկման օբյեկտներ կան, որոնք կատարվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ իմ հայտարարությունների և քաղաքական կամքի իրացմամբ: Մենք, այո, մինչև վերջ, անկախ տվյալ անձի ով լինելուց, գնալու ենք և ստանալու ենք ապօրինի շենք-շինություններից զերծ, ապօրինի զավթած ափերից զերծ, էկոհամակարգի վերականգնմանն ուղղված մի չքնաղ Սևան:

Դա մեր տեսլականն է և կանգ չենք առնելու ոչնչի առջև: Այո, հեշտ չի տրվում, քանդումն ինքն արդեն իսկ բավականին կամք ու էներգիա է պահանջում նաև քաղաքական, հասարակական դիմադրության առումով, բայց տեխնիկապես էլ մեծագույն ջանք է ենթադրում, քանի որ սկսած տեխնիկայի ներգրավումից վերջացրած շինաղբի տեղափոխման ծախսերով, բանվորական ուժի ներգրավման առումով բավականին լայնածավալ աշխատանք է ենթադրում: Բայց ինչպես ասել եմ՝ հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Հիմա առաջին 10 քայլը արել ենք, կարելի է ասել:

 

Շա՞տ են ափամերձ այդպիսի տները: Գիտենք, որ մեկը Վովա Գասպարյանինն է, մյուսը պաշտպանության նախկին նախարարինն է:

Ես անվանական չգիտեմ, թե որ մեկինը որ նիշի վրա է, բայց կարող եմ ասել, որ 1901,5 մետր նիշից ներքև բոլոր շենք-շինությունները, պարիսպները ենթակա են քանդման: Այդ նիշը օրենքով է սահմանվել դեռևս 1,5 տասնամյակ առաջ, որ այդ նիշի վրա շինարարություն որևէ կերպ չպետք է թույլատրվեր: Դա կարմիր գիծն է, ու այդ կարմիր գծից ներքև շուրջ 1600 շենք-շինություններ, ապօրինի կցակառույցներ կան: Բայց նաև մենք դասակարգել ենք և շուրջ 10 դասակարգման օբյեկտների հետ գործ ունենք: Օրինակ, ապօրինի զավթած և առանց կառուցապատման, նույնիսկ առանց վարձակալության իրավունքի հողերի վրա կա շինություն: Դա անխտիր քանդման ենթակա է: Հաջորդը, վարձակալության հողի վրա կա շինությունը, որը ևս քանդման ենթակա է, քանի որ կառուցապատման իրավունք չունի: Երրորդը կառուցապատման իրավունքով տնօրինվող հողի վրա կա շինություն, որը ժամանակին ենթակա էր ՇՄԱԳ-ի, դա էլ է քանդման ենթակա: Այսինքն շուրջ 10 կատեգորիայի շենք-շինություններ կան: Հիմա մենք սկսել ենք արդեն ակնհայտ այն շենք-շինություններն ու տաղավարներն ապամոնտաժել, որոնք իրավական առումով որևէ աղերս չունեն իրենց լինելիությամբ: Ոչ հողն է տվյալ տնտեսվարողին պատկանում, ոչ կառուցապատման իրավունք ունի, ոչ առհասարակ որևէ իրվունք ունի այդտեղ որևէ բան տնօրինելու, բայց արի ու տես, որ տնօրինում ու գործում է: Սկսել ենք այդ կատեգորիայից, որից հետո, բնականաբար, կանցնենք մյուս կատեգորիային: Այդտեղ կան նաև որոշակի թվով շենք-շինություններ, որոնք, չգիտեմ ինչ-ինչ երևույթների զուգորդմամբ հավանաբար, ստացել են նաև պետական գրանցում և մարդիկ ունեն սեփականության իրավունք: Այդտեղ է նաև խնդիրը լինելու: Այսինքն բարեխիղճ ձեռքբերողի խնդիր կա, երբ առաջին կառուցապատողին սեփականության իրավունքն անցել է երկրորդ անձի: Դրանք արդեն որոշակի դատական ընթացակարգեր են ենթադրում, բայց առնվազն այս փուլում այն շենք-շինություններից, տաղավարներից, պարիսպներից, որոնք այդպես խառնափնթոր պարուրել են Սևանա լիճը, մենք պետք է օր առաջ ձերբազատվենք: Այս պահին Սևանա լիճը նույնիսկ սեփական տեխնիկական միջոց չունի քանդելու համար: Մենք դա վարձակալում ենք: Բայց կառավարության որոշման նախագիծ ենք պատրաստում։ Պետական բյուջեով նախատեսված միջոցներ կան, որոնք վերջին տարիներին ուղղում ենք Սևանա լճի ջրածածկ գոտիների մաքրմանը կապալառուի միջոցով, և պատրաստվում եմ առաջարկելու կառավարությանը, որ այդ գումարներն ուղղենք Սևանի կառավարումն իրականացնող «Սևան ազգային պարկին», ընդլայնելու սեփական կարողությունները, ձեռք բերելու տեխնիկա: Այդ տեխնիկայով միաժամանակ և քանդման աշխատանքները կկազմակերպենք, և ջրածածկ գոտիները կմաքրենք:

Այս տարի Սևանա լճի մակարդակը աննախադեպ բարձրացել է՝ 12 սմ-ով: Սա որոշակի խնդիրներ չի՞ առաջացրել:

Բնականաբար, որքան բարձրանում է ջրի մակարդակը, այնքան ջրածածկ կանաչ գոտիների ծավալն է ավելանում, այնքան քանդման ենթակա 1600-ից ավելի շենք-շինությունների առաջնահերթ, այսրոպեական քանդումը հրամայական է դառնում: Դրանով է նաև պայմանավորված, որ մենք մտադիր ենք 5-6 հատուկ տեխնիկա ձեռք բերել, լայնածավալ քանդման աշխատանքներ իրականացնել սեզոնի մեկնարկից առաջ, և կանաչ գոտիների այդ կենսահումուսի, սևահողի դուրսբերումը կազմակերպել: Թեկուզ խնդիրները բազմապատկվում են լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ, բայց մեր գերնպատակը մեկն է՝ լճի մակարդակը բարձրացնել թույլատրելի առավելագույն նիշի՝ դրանով կանխելով Սևանա լճի էկոհամակարգի տևական խաթարումն ու լճի ճահճացումը:

Ամուլսարի խնդրի հետ կապված կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետը խոսեց, որ հնարավոր է ցավոտ լուծումներ լինեն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ հաշվի առնելով հասարակական տրամադրություններն ու ըմբոստությունը:

Չնայած ցավով նշում եմ, որ համազգային աղետի միջով անցանք, պատերազմը, հետպատերազմական իրողությունները մեզ համար նոր առաջնահերթություններ առաջ բերեցին, բայց նաև արձանագրենք, որ բարեփոխումները միշտ էլ ցավոտ են լինում հասարակության մի շերտի համար: Այդ շերտը կարող է լինել փոքր մասը, կարող է լինել մի զգալի հատված, բայց կարևոր է, որ մեր նկրտումներն ազնիվ են, և մենք գործում ենք բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության:

Վարչապետի ասածը վերաբերում էր տնտեսական նոր ռեստարտին, տնտեսական ներուժի իրացման անհրաժեշտությանը: Մասնավորապես, Ամուլսարի մասով պետք է ասեմ, որ դարձյալ ես ինքս սպասում եմ քրեական գործի հանգուցալուծմանը, թե այն ինչ նոր իրողություններ ու հնարավոր փաստեր վեր կհանի և դրանով հնարավոր կլինի Շրջակա միջավայրի նախարարության մանդատով միջամտել այս գործին, դա արդեն կախված է քրեական գործի հանգուցալուծումից: Իսկ եթե քրեական գործի վարույթում քննվող փաստերով առերևույթ իրավախախտումներ դուրս չբերվեն, որոնք մեզ այդ մանդատը կտան միջամտելու, ապա առնվազն այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ միջամտելու լեգիտիմ գործիքակազմ չունի: Եվ տնտեսվարողը, ով այս պահին տիրապետում է հանքարդյունահանման լիցենզիաներին, ՇՄԱԳ դրական փորձաքննությանը և թույլատրելի արտանետումների թույլտվությանը, կարող է ինքն իր լիցենզիաների և ունեցած փաստաթղթերի հիման վրա շահագործել հանքավայրը: Այլ խնդիր է, որ, այո, բնապահպանական շրջանակները, բնապահպանները խնդիրներ են վեր հանել, որոնք նաև կարծես արտացոլված են քրեական գործի վարույթում: Ես ինքս սպասում եմ քրեական գործի հանգուցալուծմանը: Եթե քրեական գործով այդ փաստերը վեր կհանվեն, կուսումնասիրվեն և մեզ լեգիտիմ իրավունք կտան միջամտելու, բնականաբար, ես իմ ողջ մանդատով կմիջամտեմ: Եթե այդպիսի փաստեր չեն հաստատվի կամ վեր չեն հանվի օբյեկտիվորեն, այսինքն կբացակայեն այդպիսի փաստերը, ապա մեր նախարարությունը և կառավարությունն առհասարակ որևէ միջամտության մանդատ չի ունենա, և պետք է իրացվի տնտեսվարողի իրավունքը: Վարչապետի խոսքը դրա մասին էր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև