Անկարան ու Բաքուն ռազմական գործողություններ կսկսե՞ն Դաղստանում

Lragir.am- ը գրում է.  Թուրքիայի եւ Բաքվի պաշտպանության նախարարները Կարսում

Կարսում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց արդյունքներով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի ժամանակակից ցանկացած սպառնալիքի ու մարտահրավերի, որոնք մշտապես փոփոխվում են:

Արաբական մամուլը գրում է Թուրքիայի կողմից սիրիացի աղքատ վարձկաններից պրոքսի բանակ ստեղծելու մասին, որոնք օգտագործում է իր հայեցողությամբ: Այդ զորքերը փորձարկվել են Արցախում: Էրդողանն այս անգամ ու՞ր կուղարկի իր զորքը: Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Արցախ ուղարկելն արձանագրել են թե Արեւմուտքում, թե Իրանում, թե Ռուսաստանում: Այն, որ Թուրքիան Իրանում, Ռուսաստանում ու Եվրոպայում ունի որոշակի նպատակներ, հազիվ թե կասկածներ հարուցի:

Չի բացառվում, որ այս անգամ որպես թնդանոթի միս օգտագործվեն ադրբեջանցի զինվորները, իսկ Կարսի համատեղ զորավարժությունները այդ գործողությունների նախապատրաստություն էին: Թուրք նախարարն ասել է, որ վարժանքները ցույց են տվել թուրքական ու ադրբեջանական զորքերի՝ «ցանկացած պայմաններում ու ցանկացած ժամանակ» պատերազմելու պատրաստակամությունը:

Այսպես կոչված Իսլամական պետության զորքերին ադրբեջանցիների մասնակցությունն արձանագրվել է միջազգային կառույցների կողմից: Որտե՞ղ են ադրբեջանցի մայրերի որդիներն պատրաստվում նորից «շեհիդ» դառնալ՝ Լիբիայու՞մ, Բալկաններու՞մ, թե Թաթարստանում:

Թուրքական հեռուստաընկերությունը ցույց է տալիս տարածաշրջանում իր ազդեցության քարտեզները, այդ թվում՝ Ղրիմում ու Ռուսաստանի հարավում: Թուրք ու ադրբեջանցի զինվորականները պատրաստվու՞մ են համատեղ գործողությունների, օրինակ, Դաղստանում:

Ռուսաստանը Թուրքիայի հետ աշխատում է Սիրիայում, Լիբիայում, հիմա էլ՝ Ղարաբաղում: Մոսկվան երկար տարիներ զինել է ադրբեջանական բանակը, որ «հավասարակշռություն ապահովի»: Հիմա ադրբեջանական բանակն ըստ էության թուրքական ԶՈւ մասն է՝ Թուրքիան է իրականացնում շտաբային պլանավորումը, տեխնիկական ու այլ հետախուզությունը, իսկ «մահանում են» ադրբեջանցի զինվորները: Դա ամբողջությամբ փոխում է իրողությունները տարածաշրջանում, հետեւաբար, պետք է փոխվեն նաեւ անվտանգության հարցում մոտեցումները:

Նիկոլ Փաշինյանը խոսում է տարածաշրջանում անվտանգության նոր համակարգի կառուցման մասին: Ընդ որում, Հայաստանից է կախված՝ կկարողանան արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը «ֆիզիկապես» միավորվել Մեղրիի միջանցքով: Ռուսաստանը նպաստում է դրան. հրադադարից հետո «եռակողմ համաձայնությունները» վերաբերում են ոչ թե Ղարաբաղին, այլ Սյունիքին: Մոսկվան նաեւ հայտարարում է, որ Ղարաբաղի կարգավիճակը հիմա չպետք է քննարկվի՝ դրանով խոչընդոտելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այնպես էլ Հայաստանում Արցախի ճանաչման հնարավոր գործընթացները:

Երեւանում ինչպե՞ս են գնահատում նոր իրողությունները Թուրքիայի ու Ադրբեջանի «ֆիզիկական միավորման» դեպքում: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պատճառ չունի այլեւս: Հայաստանին պե՞տք է Թուրքիայի հետ բաց սահմանը: Դա հավասարազո՞ր է Թուրքիայի ու Ադրբեջանի «միավորմանը» Մեղրիի միջանցքով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև