«Ջալալ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ…». Պողոսյան

«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է՝ ինչպես է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը:

Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Ջալալ Հարությունյանին վերջին անգամ տեսել է հունվարի 4-ին, երբ ՊԲ նախկին հրամանատարը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ.

«Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված»,- ասաց Վահրամ Պողոսյանը, ապա հավելեց, որ Ջալալ Հարությունյանի ապաքինման պրոցեսը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ջալալ Հարությունյանը մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան ազատել էր ՊԲ հրամանատարությունից և այդ պաշտոնում նշանակել էր Միքայել Արզումանյանին։

Հոկտեմբերի 28-ին Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

ՊԲ նախկին հրամանատարը հիվանդանոցից դուրս էր գրվել դեկտեմբերի 4-ին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև