Ծեծ, սպառնալիք, որ կացնով կկտրեն ձեռքի մատները, կվնասեն ընտանիքի անդամներին. ինչ է կատարվել

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ գլխավոր վարչություն հրավիրված մի տղամարդ հաղորդում տվեց։ Համաձայն հաղորդման՝ նա երեք տղամարդու խոստացել էր, որ կխզի իր և մի կնոջ միջև սիրային կապը։ Խոստումը խախտելուց հետո տղամարդիկ ծեծել էին նրան, ինչից հետո սպառնալով, որ կացնով կկտրեն ձեռքի մատները, կվնասեն ընտանիքի անդամներին, պահանջել էին 1 միլիոն 500 հազար դրամ։

Հաղորդում տված տղամարդը հետագա բռնությունների չենթարկվելու և վերոնշյալ սպառնալիքներից խուսափելու նպատակով նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին նրանցից մեկին վճարահաշվարկային տերմինալով փոխանցել էր 100 հազար դրամ՝ խոստանալով, որ պահանջված գումարից 500 հազար դրամը առձեռն կտա հունվարի 20-ին։

Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Երևանի Նորաշեն թաղամասում շորթմամբ պահանջած 1 միլիոն 500 հազար դրամից 500 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո տղամարդը բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շորթած 500 հազար դրամը, իսկ բերման ենթարկվածի խուզարկությամբ՝ ատրճանակ ու փամփուշտներ։

Միաժամանակ հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման են ենթարկվել նաև շորթման մյուս մասնակիցները։ Դեպքի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցված գործի շրջանակներում բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև