«Հաղթանակի աղոթք» հաղթական բանակի զինվորների հետ

Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ  երիտասարդները,  զինվորներն ու ռազմական բուհերում սովորող կուրսանտներն աղոթք վերառաքեցին առ Աստված՝ գոհություն հայտնելով Ամենազոր Տիրոջը մեր ազգին պարգևած հաղթանակների համար և հայցեցին խաղաղություն մեր Հայրենիքի համար: Մասնակցում էին Հրթիռահրետանային N զորամասի զինվորները՝ գնդերեց Տ. Զաքարիա քահանա Անանյանի գլխավորությամբ:

«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Սաղմոս ԽԱ 17
Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհ արեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ:

Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):

«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէ մերմէ» (Ժամագիրք):

Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:

Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:

Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն»:

Արարողության ավարտին երիտասարդաց  միությունների անդամներն ու զինվորները հոգևորականների հետ աղավնիներ բաց թողեցին՝ ի նշան խաղաղության:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև